211652_close_icon
views-count971 դիտում article-date 21:20 14-05-2019

Վարազդատ Կարապետյանը հանդիպել է ԵԽ համազեկուցողների պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 14-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի համազեկուցողների պատվիրակության հետ: ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգեսենը, վերահաստատելով Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, հետաքրքրվել է Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման, մասնավորապես տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում բարեփոխումների ընթացքով: Վարազդատ Կարապետյանը խոսել է առաջիկայում նախատեսվող համայնքների միավորման գործընթացի սկզբունքների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրության մասին: Նա ներկայացրել է համայնքների կառավարման համակարգը ձեւափոխելու եւ այն առավել արդյունավետ դարձնելու իր տեսլականը: Անդրադառնալով ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենսդրությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն պետք է արմատապես վերափոխվի, ինչին համակարծիք են եղել նաեւ եվրոպացի գործընկերները: Նշենք, որ այցից հետո համազեկուցողները կպատրաստեն Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն: Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը, Գուն Մարիտ Հելգեսենը, անկախ փորձագետ Լինզե Շամպը, Կոնգրեսի մոնիթորինգային հանձնաժողովի քարտուղար Ստեֆանի Պուարելը:

Նմանատիպ նյութեր