211652_close_icon
views-count1903 դիտում article-date 21:12 23-11-2016

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններին հաջորդող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի քննարկման եւ ընդունման ընթացակարգերը` նշելով, որ օրենքի նախագծում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու հանձնարարականները: Տիկին Նաղդալյանը նշել է, որ 4+4+4 ձեւաչափով համագործակցության արդյունքում քաղաքական ուժերի միջեւ հիմնական խնդրահարույց հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված մի շարք օրենքների նախագծերին, ինչպես նաեւ 2017թ. ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետներին: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը խոսել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ եւ ընդգծել, որ նախագիծը խորությամբ քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստան- Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի լիարժեք իրականացումը եւ հավելել, որ ծրագրում ընդգրկված նախագծերն ուղղակի կերպով կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի պարտավորություններին:

Նմանատիպ նյութեր