211652_close_icon
views-count1928 դիտում article-date 16:21 11-05-2019

««Հերոսական» 7 քայլ առ ոչինչ». Մարությանի գործունեության վերաբերյալ Զոհրաբյանի որակմանը քաղաքապետի մամուլի քարտուղարն արձագանքում է՝ խնդիրների լուծումները ճանապարհին են

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական տեսահոլովակներից մեկն ու կից գրել. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի մեջ շնչահեղձ լինող Երևան ու «հերոսական» 7 քայլ առ ոչինչ»: Տեսանյութում Հայկ Մարությանը ներկայացրել էր այն 7 քայլերը, որոնք պիտի արվեն Երևանը մաքրելու, զարգացնելու, բարեկարգելու ուղղությամբ: Սրան անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրել է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ առ ոչինչ»: Իբր, անցել է վեց ամիս, և դեռ ոչինչ արված չէ: Եթե այս տեքստը ինչ-որ սկսնակ դիլետանտ գրած լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց Նաիրա Զոհրաբյանի պես փորձառու, ես կասեի՝ կարկառուն գործչի շուրթերից նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում, ամենայն հարգանքով հանդերձ: Նախընտրական հոլովակում ներկայացվող խնդիրների լուծումը նախատեսվում է տալ ոչ թե վեց ամսում, ինչպես փորձում է մեզ համոզել տիկին Զոհրաբյանը, այլ հինգ տարվա ընթացքում: Այդ լուծումները ճանապարհին են, և տեղ են հասնելու ժամանակին: Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով: Տրանսպորտի ցանցը պատրաստ է և գտնվում է իմպլեմենտացիայի փուլում, պարբերաբար հանդիպումներ են ընթանում պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ: Իսկ աղբահանության հարցում, գիտենք, որ ստեղծվել է քաղաքային ենթակայության հիմնարկ (երկրորդ օպերատոր), որը շարունակաբար համալրվում է տեխնիկայով. արդեն ձեռք է բերվել 14 աղբատար, ձնամաքրմամբ ու սանմաքրմամբ զբաղվող մեքենա, ևս շուրջ 20-ը հերթի տակ են: Վերելակների թարմացման ծրագիրը առաջիկայում կներկայացվի կառավարություն։ Այսպես ամեն ինչ, ըստ հերթականության։ Ամեն դեպքում, քաղաքական փոքրամասնության առարկայական ու բովանդակալից քննադատությունը օգուտ կտար քաղաքին։ Ուզում եմ հուսալ, որ մեր գործընկերները համակարծիք են այս հարցում»։

Նմանատիպ նյութեր