211652_close_icon
views-count2168 դիտում article-date 15:32 10-05-2019

Վանեցյանի առաջարկով կառավարության օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգի մասին հարցը

Կառավարության այսօրվա նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց օրակարգից հանել Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: «Այս որոշումը չի ուղարկվել մեզ՝ ուսումնասիրելու և կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում կուտակվելու են մի սերվերում տվյալներ, որոնք շատ գաղտնի են և պարունակելու են մեր երկրի, եթե ավելի կոպիտ ասենք, գետնի վրա և գետնի տակ եղած ողջ ինֆոստրուկտուրան, ընդերքը և կորդինատները: Պարզ չէ, թե այդ տեղեկությունները ոնց ենք պաշտպանելու, պահպանելու դրանց արտահոսքը, և պարզ չէ օգտվողների ցանկն այս տվյալներից»,- ասաց Վանեցյանն ու առաջարկեց հարցը հանել օրակարգից, խորը քննարկելուց հետո ընդունել: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հստակեցրեց, որ հայեցակարգն է այսօր քննարկվում, ոչ թե համակարգի ստեղծելը, և մինչ համակարգի ստեղծելը մեկ տարի ունեն: Արդյունքում հարցը հանվեց: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ կոմիտեի նիստին հարցը քննարկվել է, և առաջարկեց շատ չհետաձգել այն, քանի որ գտնում է՝ փոփոխությունները տեխնիկական կլինեն: «Այս պրոցեսը պետք է հնարավորինս արագ տեղից շարժենք», - ասաց փոխվարչաետը: Սակայն վարչապետն ընդառաջեց ԱԱԾ տնօրենի առաջարկին և նշեց, որ պետք չէ շտապել, ափալ-թափալ անել, և 2 շաբաթ ժամանակ սահմանեց:

Նմանատիպ նյութեր