ԵՊԲՀ-ում անցկացվել է օլիմպիադա՝ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ուսանողական գիտական խմբակի անդամների միջև
ԵՊԲՀ-ում այսօր, ձևավորված ավանդույթի համաձայն, անցկացվեց օլիմպիադա, որին մասնակցեցին օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ուսանողական գիտական խմբակի անդամները:
Ժյուրիի կազմում հանդես եկան Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի պրոֆեսոր Արմեն Այվազյանը, Սիմուլացիոն կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ Սևակ Շահբազյանը, ԵՊԲՀ ուսխորհրդի անդամ Սյուզի Սիմոնյանը:
Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը ողջունեց ժյուրիի անդամներին և հյուրերին, մասնակիցներին մաղթեց հաջողություններ՝ շեշտելով, որ բժշկի համար անչափ կարևոր են ոչ միայն գիտելիքները, գործնական հմտություններն ու կարողությունները, այլև ակտիվությունը նման մրցույթներում:
Այնուհետև ուսանողները, որոնք բաժանվել էին թիմերի, ներկայացրին տեսանյութեր, որոնցում արտացոլված էր համալսարանական առօրյան, պրակտիկան, ինչպես նաև համատեղ աշխատանքներից դրվագներ:
Տեսանյութերի ցուցադրումից հետո յուրաքանչյուր թիմ պատասխանեց մասնագիտական տարբեր հարցերի՝ ստանալով միավորներ: Մրցույթի մյուս փուլը մասնագիտական կարողությունների ցուցադրությունն էր:
Ուսանողներն իրենց պետք է զգային ինչպես վիրահատարանում՝ փորձ անելով արագ վիրակապել, կարել, ցույց տալ այլ մասնագիտական հմտություններ. միակ պայմանը արագությունն էր, իհարկե, չմոռանալով ճիշտ կատարման ընթացքի մասին:
Ժյուրի անդամներն ուշիուշով հետևեցին օլիմպիադայի ողջ ընթացքին, կատարված աշխատանքներին՝ անաչառորեն գնահատելով յուրաքանչյուր թիմի աշխատանքներն ու կարողությունները՝ շեշտելով նրանց առավելություններ ու թերությունները: