Կառավարությունն ու ԱԺ-ն կքննարկեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը ներկայացրել են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Փաթեթով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:
«Բովանդակային առումով համաձայն լինելով սրա հետ` կարծում ենք, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է:
«Բայց չափանիշները պետք շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում, ասենք, ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, քրեական գործ հարուցենք», - ասաց վարչապետը:
Այս և համանման դիտողությունները հաշվի առնելով կառավարության անդամները եկան եզրակացության, որ նախագծում պետք է հստակություն մտնի։ Այդ նկատի ունենալով, նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց նախագծի շուրջ քննարկում սկսել նախագծի հեղինակ ԱԺ պատգամավորների հետ և համատեղ նոր նախագիծ ստեղծել: