211652_close_icon
views-count882 դիտում article-date 12:11 01-05-2019

ՀԽ անդամներն Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակությանն առնչվող հարցեր

Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։ Այս մասին հայտնում են Հանրային խորհրդից: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով խորհրդի անդամների հետ նախարարի առաջին հանդիպումը, առաջարկել է քննարկումն սկսել նախ ընդհանուր հիմնախնդիրներից, նպատակներից, կրթական արժեհամակարգի սկզբունքներից ու տեսլականից, որից հետո անցնել ավելի կոնկրետ հարցերի ու առաջարկների։ Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդիրներին՝ խորհրդի անդամները բարձրացրել են հատկապես դպրոցի և ուսուցիչների հեղինակությանը, դպրոց-ծնող փոխհարաբերություններին, ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակությանը, հասարակագիտական առարկաների ներդրման անհրաժեշտությանը, գեղագիտական ու մարզական կրթության զարգացմանը, հեռավար ուսուցման համակարգի կատարելագործմանը, դպրոցում էկոլոգիական կրթության և մշակույթի ներդրման անհրաժեշտությանը, ուսուցիչների դրույքաչափերին, դասարանների խտությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ավագ դպրոցի խնդիրները, կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությանը, մասնավոր դպրոց-պետություն համագործակցության խորացման անհրաժեշտությանը, միջին մասնագիտական կրթությանը, բուհական համակարգին, նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարն իր հերթին ներկայացրել է նախարարության նոր ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություններն ու թիրախները, արձագանքել խորհրդի անդամների բարձրացրած հարցերին, անդրադարձել հնչած քննադատություններին ու առաջարկներին։ Արայիկ Հարությունյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել պարբերաբար հանդիպելու։

Նմանատիպ նյութեր