211652_close_icon
views-count1330 դիտում article-date 14:34 30-04-2019

Արցախի հարցում խուսափողական քաղաքականություն, պետական խորհրդանիշների հեղինակազրկման արշավ. ՀՅԴ-ն խոստանում է լուսարձակի տակ պահել իշխանություններին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել՝ ամփոփելով Հայաստանի կազմակերպության 23-րդ գերագույն ժողովը, ներկայացնելով կուսակցության առանձնացրած ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է երկիրն ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է. 1. 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ: 2. Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է և չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։ 3. Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը: 4. Զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը հաստատում է. 1. ՀՅ Դաշնակցությունը՝ համահայկական կառույցի իր ամբողջ ներուժով, շարունակելու է գործել «Զարգանալ` չզիջելով» ռազմավարական նպատակադրումով: 2. Հավատարիմ կուսակցության սոցիալիստական գաղափարախոսությանը` Դաշնակցությունը հետամուտ է լինելու հանրային համերաշխության և ընկերային արդարության հաստատման հրամայականին: 3. Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` Դաշնակցությունը շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի և սոցիալապես խոցելի խմբերի պաշտպան` հետևողականորեն պահանջելով կառավարությունից` Հայաստանում ապահովել սոցիալական պետության սահմանադրական պահանջի իրականացումը։ 4. Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման»:

Նմանատիպ նյութեր