Վերահաստատենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը. Կալիֆորնիայի նահանգապետի գրառումը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեվին Նյուսոմը:
Մասնավորապես, Կալիֆորնիայի նահանգապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Եկեք վերահաստատենք, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը և միշտ հանդես կգանք ատելության և չարագործությունների դեմ, որտեղ էլ որ դրանք պատահեն»:
Գրառմանը կից Կալիֆորնիայի նահանգապետը հրապարակել է իր ստորագրած հռչակագիրը, որով 2019 թվականի ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքի տասյնակ հազարավոր ներկայացուցիչներ մասնակցել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու պահանջով բողոքի քայլերթին, որին հաջորդել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ բողոքի ցույցը: Քայլերթին մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կորեցը: