211652_close_icon
views-count2080 դիտում article-date 23:22 24-04-2019

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում. Անն Իդալգոն ազդարարել է մի քանի ծրագիր

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, այդ տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ: Իր խոսքում Փարիզի քաղաքապետն ազդարարել է Հայկական կենտրոնի ստեղծման մասին: «Երկար ժամանակ մենք խոսում ենք կենտրոնի մասին, ինչը թույլ կտա այդ յուրահատուկ մշակույթին, Փարիզի հայ համայնքին դրսևորել իրեն և ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը: Կենտրոնը գտնվելու է Փարիզի 15-րդ շրջանում: Այժմ մենք կաշխատենք այդ ծրագրի մշակման և կենտրոնի կառուցման ուղղությամբ: Կարծում ենք, որ դա կլինի վայր, որը թույլ կտա Հայաստանին շարունակել փայլել իր քաղաքում, որովհետև այս քաղաքը ձեր քաղաքն է»,- ասել է Փարիզի քաղաքապետը: Նա հարգանքի տուրք է մատուցել ֆրանսահայությանը, որը կիսում է Ֆրանսիայի Հանրապետության արժեքները, որոնք համընդհանուր են: «Դուք բոլոր ոլորտներում չափազանց ստեղծագործ եք: Եվ դուք մեզ ուղղորդել եք լինել ավելի բաց՝ տարբեր ազգերի ընդունելու, տարբերությունները ճանաչելու համար», - ավելացրել է Փարիզի քաղաքապետը՝ հիշեցնելով Թումո կենտրոնի բացումը Փարիզում և ընթացիկ այլ ծրագրերի մասին: «Այս տարի մենք կունենանք կարևոր միջոցառումներ: Մայիսի 21-ին մենք կնշենք Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Մենք նրան հարգանքի տուրք կմատուցենք՝ Monsieur Le Princ փողոցում գտնվող նրա տան վրա տեղադրելով հուշատախտակ», հայտարարել է Անն Իդալգոն՝ ավելացնելով, որ Փարիզում տեղադրվելու է նաև Ազնավուրի կիսանդրին:

Նմանատիպ նյութեր