211652_close_icon
views-count1205 դիտում article-date 13:33 24-04-2019

Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան

Արդարությունը վերականգնելու համար հայ ժողովրդի վճռականությունը երբեք չի մարի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ միասին մի շարք միջոցառումներ, հիշատակի արարողություններ են անցկացնում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է ՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»,- «[url=https://armenpress.am/arm/news/972448.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ ասաց Զոհրաբ Մնացականյանը: Լրագրողների այն հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումը, հնարավո՞ր է նոր գործընթաց սկսվի Թուրքիայի հետ, Զոհրաբ Մնացականյանը քիչ հավանական համարեց: «Ցավոք, դուք տեսնում եք այն ամենն, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից և դրանք հուսադրող չեն, ընդհակառակը՝ քննադատության արժանի »,-ասաց նախարարը: Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նման բան երբեք չի ասվել: Նախարարն ընդգծեց, որ ժխտողականության դեմ պայքարը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ հետևողականորեն միջազգային օրակարգում առաջ են տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը: «Ցեղասպանությունը կանխարգելելը դա միջազգային պարտավորություն է, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքը: Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ին եղավ հերթական ցեղասպանությունների կանխարգելման 3-րդ գլոբալ ֆորումը: Դուք գտեք, որ դեկտեմբերի 9-ը Հայաստանի նախաձեռնությամբ հռչակվեց Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, զարգացնում է իրավական հիմքերը՝ ուղղված միջազգային կանխարգելման գործընթացին: Այս գործընթացը երբևէ կանգ չի առնում: Մենք գիտենք ցեղասպանության գինը և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը: Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:

Նմանատիպ նյութեր