211652_close_icon
views-count1114 դիտում article-date 13:07 24-04-2019

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, առևտրատնտեսական, գիտամշակութային և իրավապայմանագրային բնագավառներին առնչվող հարցերին։ Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության խորացման հեռանկարներին: Կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին մարտի 12-13-ը Երևանում կայացած hայ-բուլղարական Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի և դրա շրջանակներում կայացած գործարար համաժողովի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ` կարևորելով վերջիններիս իրագործման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը: Փոխնախարար Ադոնցը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԲՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ «Պաշտպանի աշխատակազմը կամրապնդի կարողությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում» և «Երեխայի խնամքի համակարգի բարեփոխում. Բուլղարիայի փորձի ուսումնասիրում և ներդրում» ծրագրերի իրականացման կապակցությամբ։ Նույն օրը Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Նմանատիպ նյութեր