211652_close_icon
views-count772 դիտում article-date 21:55 30-10-2026

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման և հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, կոմիտեի այլ ներկայացուցիչներ։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել արդյունավետ համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով նաև հումանիտար և հասարակական գիտությունների առանձնահատկությունների առավել համակողմանի դիտարկումը։

Անդրադառնալով գիտական կազմակերպությունների կառավարմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, և առաջնահերթ է կառավարման խորհուրդների ձևավորումը։ Քննարկվել են նաև տնօրենների պաշտոնների համալրման, խորհուրդներում մասնագիտական ներկայացվածության և գիտական աշխատողների ատեստավորման հարցերը։

Գիտության ոլորտի ֆինանսավորման համատեքստում Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է, որ Կառավարության հաստատած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրն իրականացվելու է՝ ապահովելով մեկնարկած ծրագրերի շարունակականությունն ու նոր նախաձեռնությունների իրականացումը։ Միաժամանակ նա կարևորել է հանրային միջոցների արդյունավետ օգտագործումը, գիտական արդյունքների գնահատումն ու հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև գիտության ձեռքբերումների հանրայնացումը։ Այս համատեքստում քննարկվել են նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրվա շրջանակում հանրային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ հատկապես կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը։

Անդրադարձ է կատարվել նաև գիտական կազմակերպությունների հաջորդ տարվա բազային ֆինանսավորման չափաքանակների հաստատմանը։ Նախարարը կարևորել է գործընթացի առավել վաղ կազմակերպումը՝ հաստատությունների գործունեության արդյունավետ պլանավորումն ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրերի համատեղ կազմակերպման հարցերը։ Անդրադարձ է կատարվել գիտական կազմակերպությունների կառավարման, Գիտությունների ազգային ակադեմիայի ներգրավվածության և ֆինանսավորման հարցերին։ Նախարարը վերահաստատել է գիտական համայնքի հետ շարունակական համագործակցության և բարձրացված խնդիրներին գործնական լուծումներ տալու պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր