211652_close_icon
views-count3193 դիտում article-date 15:57 16-04-2019

Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբն իտալական գեղեցիկ ծրագիր նվիրեցին ունկնդրին

Լեցուն դահլիճում և ջերմ ծափերի ներքո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ անցկացված համերգային երեկոն ամբողջությամբ կազմված էր իտալացի կոմպոզիտորների գործերից և այդ առթիվ կրում էր Italian Primavera խորագիրը: Մասնավորապես, նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Նիկոլայ Մադոյանի հետ ներկայացրեց Կորելլիի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Պագանինիի, Ռոսինիի ստեղծագործությունները: Նիկոլայ Մադոյանը փաստում է՝ բազմիցս համագործակցել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Շատ բարձր կարծիք ունի նվագախմբի մասին, առանձնակի շեշտում է՝ այստեղ հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ: «Այս համերգով ողջունում ենք գարնան մուտքը: Համերգում ամբողջությամբ իտալական ծրագիր էր ընդգրկված: Պետք է ասեմ, որ իմ համերգային ծրագրերում մշտապես առկա են Պագանինիի գործերը, որոնց շնորհիվ ես ճանաչում ձեռք բերեցի: Կարծում եմ՝ նրա գործերն ամենադժվարն են ջութակահարների համար»,- նշում է Նիկոլայ Մադոյանը: Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Նմանատիպ նյութեր