211652_close_icon
views-count989 դիտում article-date 10:41 11-04-2019

Գլխավոր դատախազության և Վազգեն Խաչիկյանի միջև դատական վեճը միտումնավոր ձգձգվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության և Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի միջև դատական վեճը ձգձգվում է, ընդ որում` տպավորություն է, որ այդ դատաքննությունը ձգձգվում է միտումնավոր կերպով: Ինչպես հայտնի է, 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված ու կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան`պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետևից տարբեր պատճառներով հետաձգվում են: Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռևս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ: Հիմա էլ, պարզվում է, գործով դատավորն է փոխվել: Նախկինում գործը քննում էր դատավոր Տ. Գրիգորյանը, սակայն նա այլ դատարան է տեղափոխվել, և հիմա գործը մակագրվել է Լոռու մարզի դատավոր Տաթևիկ Հովնանյանին: Ասել է թե` հափշտակված 290 մլն դրամը հետ վերադարձնելու հույսը գնալով կորում է: Մինչ այդ, նկատենք, որ Վազգեն Խաչիկյանը հիմա դարձել է հաղորդավար. խոհարարական հաղորդում է վարում` «Ուտում ենք Խաչիկյանի հետ» վերնագրով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր