Հաշվառման թիթեղյա համարանիշ չստացած մեքենաների սեփականատերերը կարող են դիմել ապրիլի 11-ից սկսած. Աշոտ Ահարոնյան
Տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները:
Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար:
Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,-գրել է Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ խնդրի մասին մանրամասներ ստանալու նպատակով վարչապետը զանգահարել էր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Վերջինս հայտնել էր, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից, թիթեղ չկա, որովհետև նախատեսվածից ավել մեքենա է ներկրվել: