211652_close_icon
views-count4899 դիտում article-date 23:52 09-04-2019

Հեղափոխության օրերին դրոշի կարևորության մասին մոռացե՞լ էիք

Ոչ միայն դրոշի, այլ նաև պետական խորհրդանիշերի նկատմամբ հարգանքը մարդկանց մեջ մանկուց պետք է սերմանել` ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում: Թավշյա չէ, ուզում է մետաքսե հեղափոխություն էլ լինի, այդ հարգանքը միանգամից չի արմատավորվելու մարդկանց մեջ, որովհետև մի օրում ու մեկ օրինակով արժեհամակարգ չի փոխվում: Երկրի կարևորագույն հարցերը ստվերելու համար պետական խորհրդանիշերի թեման օրակարգ բերելը նոր իշխանությունների մոտ, կարծես, վատ չի ստացվում: Օրհներգի թեման հորով-մորով անելով և նույնիսկ մոռանալով, որ դրա համար ինչ-որ հանձնաժողով էին ստեղծել, իշխանության ներկայացուցիչները` ի դեմս վարչապետ Փաշինյանի, այժմ էլ դրոշին են անցել: Վարչապետի բարկությունն առ այն, թե Եռագույնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել, ինչ խոսք, արդարացի է, բայց միայն դրա պատճառով մարդուն աշխատանքից ազատելը, մեղմ ասած, խելամիտ չէ: Բացի այդ`Հայաստանի թիվ մեկը խնդիրը ոչ թե ուշադրությունից դուրս մնացած դրոշն է, այլ անուշադրության մատված ծերերը, որբերը, աղետի գոտու բնակիչները, սոցիալապես անապահով խավը և այլն, և այլն: Որքանով տեղյակ եմ, մեր երկրում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե այսրոպեական բարկությամբ: Իսկ եթե իշխանությունը ոչ թե օրենսգրքով, այլ հոգեկան ապրումներով է առաջնորդվում, ուրեմն մեր բանը բուրդ է: Բացի ազգային խորհրդանիշի նկատմամբ հարգանքի դաս տալուց, վարչապետը մաքսատան աշխատողներից մեկին էլ ձիգ կանգնելու հրահանգ է տվել, քանզի նրա առջև ՀՀ վարչապետն է: Այն վարչապետը, որ դեռ մեկ տարի առաջ սովորական քաղաքացի էր, բոլորի հետ հավասար փողոց էր փակում, պառկում ավտոբուսների անիվների տակ ու բոլորին վստահեցնում` դու մենակ չես, մենակ չես, մենակ չես: Հայաստանի հպարտ քաղաքացիներն այժմ խիստ մոլորության մեջ են` չգիտեն հանգիստ նստեն տեղնե՞րը, վե՞ր կենան, քայլե՞ն, թե՞ ձիգ կանգնեն: Եռագույնի արժանապատվությամբ մտահոգվածներին մի անկեղծ հարց եմ ուզում տալ` «թավշյա հեղափոխության» օրերին մարմնի փարթամ մասերը դրոշ-կրծկալով ծածկած գեղեցկուհուն ինչո՞ւ չէիք հանդիմանում: Դրոշը որպես սփռոց ծառայեցնող ու դրա վրա թղթախաղ խաղացող մարդկանց նախատո՞ւմ էիք: Ավտոմեքենաների ապակիները դրոշով վարագուրողներին զրկո՞ւմ էիք վարորդական իրավունքից: Ի դեպ, Փաշինյանից նվեր ստացած եռագույն գուլպաների մասին Կանադայի վարչապետը թող խոսի: Վրույր Սևակ

Նմանատիպ նյութեր