Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է` ես էլ միանամ. վարչապետը դեռ չի որոշել՝ ինչպես է նշելու Քաղաքացու օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել, թե ինչպես է տոնելու Քաղաքացու օրը: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը:
«Թող իրենք որոշեն` իրենք քաղաքացի՞ են, թե ոչ: Եթե քաղաքացի են, ապա իրենց տոնն է, եթե քաղաքացի չեն, չի կարող իրենց տոնը լինել։ Հնարավոր է` մեկը որոշում է, ինչպես անցած տարի, Մաշտոցի պողոտայում մանղալ դնել ու խորոված անել: Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է` ես էլ միանամ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ յուրաքանչյուրն ինքը պետք է կողմնորոշվի` նշե՞լ այդ օրը, թե ոչ:
Հիշեցնենք, որ այսօրվա՝ ապրիլի 9-ի արտահերթ նիստում ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: