211652_close_icon
views-count1603 դիտում article-date 22:24 05-04-2019

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը համատեղ կազմակերպել են հանրային քննարկում հարկային բարեփոխումների փաթեթի վերաբերյալ

Ապրիլի 5-ին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ), ողջունելով Հայաստանի Կառավարության՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից ոչ-ալկոհոլային ըմպելիքների և ջրերի հարկման դրույթը հանելու որոշումը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում համատեղ կազմակերպել են հանրային և մասնավոր ոլորտի երկխոսություն հարկային բարեփոխումների փաթեթի վերաբերյալ։ Հանրային քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱԱՊ առաջին փոխնախագահ Էլինա Մարգարյանը, ՀԱԳՄ նախագահ պարոն Արսեն Ղազարյանը, ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պարոն Գևորգ Պապոյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ պարոն Վահե Չիբուխչյանը։ Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ու տեղական և միջազգային մի շարք բիզնես ընկերություններ։ «ՀԱԱՊ-ը իր գործընկեր կազմակերպությունների և անդամների հետ միասին պատրաստ է արդյունավետորեն նպաստելու Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը՝ ի շահ երկրի տնտեսական զարգացման: Կարծում ենք, որ ցանկացած նոր հարկատեսակի ներդրման համար անհրաժեշտ են արդարացված հիմնավորումներ, ինչպես նաև երկխոսություն ոլորտի ներկայացուցիչների հետ»,- ասել է ՀԱԱՊ առաջին փոխնախագահ Էլինա Մարգարյանը։ «Ուրախ ենք, որ գործարար համայնքի կարծիքը և ձայնը լսվեց և ընդունելի դարձավ ոչ-ալկոհոլային ըմպելիքների և ջրերի հարկման դրույթը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանելու հարցում: Այս նախադեպը բիզնեսի և կառավարության առողջ երկխոսության հրաշալի օրինակ է»,-ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Քննարկման ընթացքում պարոն Մայքլ Բոնդ Նիլսոնը՝ «Կոկա-Կոլա Ընկերության» տնտեսագիտական հարցերով տնօրենը, ով նաև հանդիսանում է FoodDrinkEurope-ի հարկային կոմիտեի համանախագահ և Եվրոպական ոչ-ալկոհոլային ըմպելիքների ընկերությունների միության (UNESDA) հասարակական քաղաքականության կոմիտեի անդամ, ներկայացրեց ակցիզային հարկերի կիրառման միջազգային փորձը և դրա ներդրման առաջարկությունները: ՀԱԱՊ-ը և ՀԱԳՄ-ը համատեղ ներկայացնում են մոտ 400 տեղական և միջազգային բիզնես միավորումներ, այդ թվում ոլորտի այնպիսի խոշոր ներդրողներ և հարկատուներ, ինչպիսիք են՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն, «Երևանի գարեջրի գ-ն» ՓԲԸ-ն, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն և այլն, որոնք ներկայացնում են Հայաստանի ոչ-ալկոհոլային ըմպելիքների և ջրերի շուկայի մեծ բաժինը:

Նմանատիպ նյութեր