Չինաստանում ՀՀ դեսպանը դասախոսություն է կարդացել Թիենծինի մանկավարժական համալսարանում
ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը այսօր՝ ապրիլի 2-ին Թիենծինի (Tianjin Normal University) մանկավարժական համալսարանի հրավերով բաց դասախոսություն է կարդել նշված համալսարանում «Հայաստանը եւ Գոտի եւ ճանապարհ նախաձեռնությունը» թեմայով։
Նախքան դասախոսությունը դեսպան Մանասարյանը հանդիպում է ունեցել Թիենծինի մանկավարժական համալսարանի նախագահ Ճոնգ Յինգխուայի (Zhong Yinghua) հետ, քննարկվել են հայաստանյան համալսարանների հետ համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՊՄՀ եւ վերոնշյալ համալսարանի հետ ուղիղ համագործակցության մասին։
Դասախոսությունը նվիրված էր Հայաստանի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, հայ-չինական հարաբերություններին, «Գոտի եւ ճանապարհ նախաձեռնությանը» Հայաստանի մասնակցությանը, որին հետեւել է հարց ու պատասխանի մասը։ Դասախոսությանը ներկա էին Թիենծինի մանկավարժական համալսարանի, Թիենծին քաղաքի այլ համալսարանների դասախոսներ, ուսանողներ։