Ագրարային համալսարանի ռեկտորը միացավ զինհաշմանդամների աջակցության ծրագրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Հյուրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինծառայողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն հայտնեց աշխատանքի ընդունել տղաներին: Նախնական պայմանավորվածության համաձայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի աշխատակազմը կներկայացնի իրենց մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդներն համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի:
Ռեկտոր Վարդան Ոռուտյանը պատրաստակամությունը հայտնեց իր լիազորությունների սահմաններում սատարել հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորեց այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է:
Հանդիպման ընթացքում երկու ռեկտորները քննարկեցին միջբուհական համագործակցության հարցեր և արդյունքում որոշեցին ձևավորել աշխատանքային քարտեզ՝ հետագա ծրագրերը քննարկելու և կյանքի կոչելու նպատակով:
Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: