Թրամփը պահանջել է՝ ամերիկացիներին Լուսին ուղարկել 5-ամյա ժամկետում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NASA-ին ցուցում է տվել «ցանկացած միջոցներով» մարդկանց Լուսին ուղարկել առաջիկա հինգ տարում: Հայտարարել է երկրի փոխնախագահ Մայք Փենսը: Հաղորդում է [url=https://ria.ru/20190327/1552140065.html]ria.ru[/url]-ն։
«Նախագահի կարգադրությամբ՝ գործող վարչակազմի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է ամերիկացի աստղանավորդներին Լուսին վերադարձնել հաջորդ 5 տարվա ընթացքում»,- ասել Է Փենսն ԱՄՆ-ի Ազգային տիեզերական խորհրդի նիստում:
Փենսի խոսքով, որը ղեկավարում է Ազգային տիեզերական խորհուրդը և համակարգում է ԱՄՆ-ի տիեզերական քաղաքականությունը, ԱՄՆ-ը կդառնա առաջին տերությունը, որը XXI դարում մարդիկ կուղարկի Լուսին, իսկ «Լուսնի վրա առաջին կինը և հաջորդ տղամարդը կլինեն ամերիկացի աստղանավորդները, որոնք կթռչեն ամերիկյան հրթիռով ամերիկյան հողից»:
Ավելի վաղ NASA-ի համար 2020 թվականի նախագահական բյուջեի նախագծում ասվել է, որ ԱՄՆ-ը հույս ունի Լուսնի վրա մարդկանց իջեցումը կրկին իրականացնել 2028 թվականին։