211652_close_icon
views-count1230 դիտում article-date 15:11 21-03-2019

Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը

Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: «Տեղի ունեցած ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասաց նախարարը: Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա տոնը կնշվի ապրիլի 25-ին՝ կիրակի: «Որևէ հատուկ ոչ աշխատանքային օր չի նշվում այս նախագծով»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր