19–ամյա զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել. համածառայակիցը ձերբակալվել է
Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում այսօր՝ մարտի 12–ին, վաղ առավոտյան 19–ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարեն Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին ժամը 06.50-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: