211652_close_icon
views-count1753 դիտում article-date 12:30 12-03-2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Դատախազությունը ստուգել է դատապարտյալների և կալանավորվածների պահման պայմանները. ընդունելության արդյունքում անձինք դադարեցրել են հացադուլը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից իրենց գործառույթների շրջանակներում ստուգվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանները: Ստուգման արդյունքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: Մասնավորապես պարզվել է, որ չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված արգելքներին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շատ խցերում պահվող անձանց քնելատեղերը, առանց համապատասխան թույլտվության, եղել են վարագուրապատված, ինչը ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է խցում առկա իրավիճակը, պահվող անձանց տեղաշարժն ամբողջությամբ հսկելու, դիտարկելու հնարավորությունից: Մի շարք խցերում արձանագրվել է նաև դռների դիտանցքներն ու կերակրադռնակները ներսից փակելու, այդպիսով խցի ներսը քողարկելու դեպքեր: Ստուգման ընթացքում արձանագրվել են խնդիրներ՝ նաև կապված ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության մակերեսի մինիմալ չափանիշների պահպանման հետ: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը պարտավորվել է հնարավորության սահմաններում վերացնել արձանագրված թերությունները և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը: Բացի վերոնշյալը, նաև ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի, ստուգման ընթացքում դատախազության աշխատակիցների կողմից նախաձեռնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տվյալ պահին հացադուլի մեջ գտնվող 5 անձանց ընդունելություն: Վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում հացադուլում գտնվող անձանցից մեկը նույն օրը, ևս երկուսն ավելի ուշ դադարեցրել են հացադուլը: Իսկ մեկ անձ, դատախազության պահանջով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով: Ընդունելության ընթացքում պարզվել է, որ հացադուլի մեջ գտնվող անձանց գանգատները կապված են իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ: Այդ մասին տեղեկացվել են նշված անձանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները:

Նմանատիպ նյութեր