211652_close_icon
views-count1423 դիտում article-date 15:21 11-03-2019

Արթուր Ջավադյանը մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ ծառայությունից: Համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին եւ կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ: Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ շվեցարահայ գործարար շրջանակի հետ: Ֆինանսական Կայունության Ինստիտուտը հիմնադրվել է 1998 թ-ին Միջազգային Հաշվարկների Բանկի եւ Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողովի կողմից: Ինստիտուտն աջակցում է ֆինանսաբանկային ոլորտի վերահսկող մարմիններին՝ ֆինանսական համակարգերի բարելավման հարցերում, նպաստում վերահսկողական ստանդարտների գլոբալ ներդրմանը, տեղեկատվություն տրամադրում վերահսկողական մարմիններին, աջակցում վերահսկողական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին եւ գործակցության զարգացմանը: Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային եւ ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային եւ ֆինանսական գործակցությանը եւ կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային եւ շուկայական ենթակառուցվածքների հանձնաժողով եւ այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով եւ քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը եւ ներդրմանը:

Նմանատիպ նյութեր