211652_close_icon
views-count3399 դիտում article-date 15:59 07-03-2019

Փաշինյանն անդրադարձավ «պարգևավճարային սկանդալ»-ին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում լուծելու են ոչ պոպուլյար խնդիր, ըստ որի՝ պետական կառավարման համակարգում իսկապես պետք է աշխատեն բարձր որակավորմամբ աշխատողներ։ «Այսօր մենք ի՞նչ ունենք․ մենք ունենք մի իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար և, այսպես կոչված, պարգևավճարային սկանդալները, այս կարգի սկանդալները ծագում են հենց այստեղից, խնդիրն այստեղ է, և որևէ այլ տեղ որևէ այլ խնդիր չկա: Այսօր էլ մենք այդ խնդիրն ունենք, երբ պետական կառավարման համակարգից տեղի է ունենում արտահոսք, սա մենք պետք է շատ հստակ արձանագրենք, որովհետև նախկինում եղել են այլընտրանքային վճարումների տարբերակներ, բայց մենք, բնականաբար, չենք կարող գնալ այդ ճանապարհներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ պետական ծառայողի դե ֆակտո ստացած եկամուտը պետք է դե յուրե արձանագրված լինի: «Հետևաբար, քանի որ հեղափոխությունից հետո այդ այլընտրանքային վճարման մեխանիզմները դադարել են գործել՝ խնդիր է առաջացել այդ աշխատող մարդկանց դրան համարժեք վճարումներ իրականացնել: Հետևաբար, այստեղից են ծագում, այսպես կոչված, պարգևավճարային սկանդալները, և լավ է, որ ծագել են, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար: Ո՞վքեր են մեր պետական կառավարման համակարգի աշխատողները, մենք ի՞նչ պահանջներ ենք դնում նրանց առաջ, արդյոք պետական ծառայությունը պե՞տք է նշանակի երկրորդ, երրորդ, չորրորդ կարգի աշխատանք, թե դա պետք է նշանակի առաջին կամ երկրորդ կարգի աշխատանք: Ես կոչ եմ անում բոլորիս, հանրությանը, մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի այս թեմաները... առավելագույնս բաց, առավելագույնս թափանցիկ մենք քննարկենք, բայց պետք է համբերատար քննարկենք»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր