211652_close_icon
views-count20419 դիտում article-date 23:47 12-07-2018

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին՝ մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին: «[url=https://armenpress.am/arm/news/940721.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք հետախուզում կհայտարարվի այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը չներկայանա հարցաքննության, Փաշինյանը նշեց, որ այդ որոշումներն ինքը չի կայացնում: «Այդ որոշումներն օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության»,- ասաց Փաշինյանը և ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հարցին, թե չի՞ բացառվում արդյոք, որ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ բացառվում է, կամ չի բացառվում, որովհետև դա նախատեսված է օրենքով: Այսինքն՝ այնպես չի որ ինչ-որ մեկի քմահաճույքով պետք է դա տեղի ունենա: Ես մեր իրավապահ մարմինների հետ աշխատանքում ասել եմ, որ չի լինելու մի դեպք, որ կառավարությունը փորձի ինչ-որ ձևով միջամտել: Չի լինելու այդպիսի բան՝ լինի դա նախկին, թե ներկա իշխանություններից որևէ մեկի նկատմամբ: Սկբունքը սա է »,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության էր հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն: Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր վստահեցրեց, թե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Մարտի 1-իգործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:

Նմանատիպ նյութեր