211652_close_icon
views-count2400 դիտում article-date 12:01 05-03-2019

Նաիրա Զոհրաբյանի` նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը չընդգրկվեց ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգ

ՀՀ ազգային ժողովը քվեարկությամբ լիագումար նիստի օրակարգում չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու մասին հարցին կողմ քվեարկեց 37, դեմ` 67, ձեռնպահ` 2 պատգամավոր: «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին իմ նախագիծը նույնաբովանդակ է, ինչ ԼՀԿ-ի իմ գործընկերներինը: Ես պնդում եմ, նախնական կալանքի պահպանման վայրերում մարդիկ խոշտանգումների են ենթարկվել, յոթ հոգու համար նախատեսված խցում քնել են քսանչորս հոգով: Եվրոպայի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ևս քանիցս արձանագրել է, որ Հայաստանում նախնական կալանքի վայրերն աղետ են: Ցավում եմ, որ հանձնաժողովի նիստում խորհրդարանական մեծամասնությունը, առաջնորդվելով կառավարության տված բացասական եզրակացությամբ, ևս բացասական եզրակացություն տվեց»,-ասաց Նաիրա Զոհրաբյանն ու կարևորեց, որ նախագիծը լիագումար նիստում քննարկվեր ու պատգամավորները տեսակետ հայտնեին: Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, թե բոլոր խմբակցությունները եկել էին համաձայնության, որ նախնական կալանքի վայրերում եղել են խնդիրներ, մարդիկ քնել են հերթով: «Ասացինք բացահայտենք այդ անձանց շրջանակը, և որոշեցինք լուծել նրանց հարցը: Հիմա ԲՀԿ-ն առաջարկում է մի նախագիծ, որը տարածվում է բոլորի վրա: Բոլորս ընդունեցինք, որ դա անարդար է: Որոշվեց աշխատանքային խումբ ստեղծել, որով հարյուրից ավելի մարդկանց նկատմամբ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվեր: Ոչ մեկն առարկություն չուներ: Հիմա լիագումար նիստում խմբակցություններն առարկություններ ունեն»,-նշեց նա: Տարոն Սիմոնյանը նկատեց, որ խնդրի լուծումն անընդհատ հետաձգվում է: «Մենք եկել էինք համաձայնության, որ խնդիրներ կան: Բայց դա չի ենթադրել, որ այս խնդրի լուծումը հետաձգենք»,-նշեց նա: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` պետաիրավական հանձնաժողովի նիստի քննարկումը խեղաթյուրված է ներկայացվել: Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը քվեարկությամբ չմտավ լիագումար նիստի օրակարգ:

Նմանատիպ նյութեր