211652_close_icon
views-count1694 դիտում article-date 12:28 01-03-2022

«Շուշիի հռչակագրին» արձագանքելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ հայտարարության նախագիծը հանձնաժողովում մերժվել է քաղաքական մեծամասնության՝ ՔՊ-ի կողմից: «Խորհրդարանական կառավարման երկրում այս խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է գնահատական տա՝ ընդգծելով մեր մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին: ԱԺ լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության և հետագա անհաջողությունների…»:

Ըստ նրա՝ հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որ այդ հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը՝ ընդդիմությունը նշում է, որ ընդհակառակը՝ այն ամբողջությամբ ազգային է, ուղղված է պետական աջակցությանը: «Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման շահերից:  Այն մեսիջ կլինի և Հայաստանի, և Արցախի Հանրապետության ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանից՝ այսինքն ինքնիշխանության և ժողովրդի արժեքների կորուստ չի լինելու»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանն առաջարկեց հարցը ներառել նիստերի օրակարգ, հակառակ դեպքում, իրենք դա կդիտարկեն որպես «թշնամու շահերի սպասարկում»: ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ, արձագանքելով Սեյրան Օհանյանին, հորդորեց սպառնալիքների տոնով չխոսել, հարգալից լինել: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի մտքին, թե դա քաղաքական խոսք էր՝ Արշակյանն ասաց, որ սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել:

«Դեռ շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում»,-հավելեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն  Ռուբինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը: «Առաջինը՝ մենք հղում արեցինք, որ 2021 թվականի հունիսի 17-ին ԱԳ նախարարության կողմից եղել է համապատասխան գնահատականն ու արձագանքն այդ հռչակագրի առնչությամբ: ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ: ՀՀ կառավարությունը կառավարում է Հայաստանի անվտանգության ռիսկերը: Եվ մենք, ՀՀ իշխանության լինելով, նաև պատասխանատվություն ունենք՝ իրականացնելու այն գործընթացը, որը համարում ենք ՀՀ-ի համար օգտակար, անվտանգ: Մեր կարծիքով՝ ՀՀ պետական շահերի սպասարկման գնահատականներում բավականին տարբերություն կա՝ մեր գործընկերների և մեր պատկերացումների մեջ: Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր  ու անհրաժեշտ օրակարգ է ՀՀ-ի համար և այդ օրակարգը բխում է այն ընթացիկ վիճակից և այն նպատակներից, որ ունի մեր երկրի լեգիտիմ իշխանությունը»,-ասաց Արսենյանը՝ առաջարկելով նախագծին ձեռնպահ քվեարկել:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ սթափության կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Պատգամավորը, որպես սթափության առարկայական դրսևորում, 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը հարցը ստացավ 26 կողմ, 1 դեմ, 57 ձեռնպահ ձայներ:

 

Նմանատիպ նյութեր