Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «ԲՀԿ» և «ԼՀԿ» խմբակցությունների՝ նախնական կալանքի 1 օրը 1,5 օր հաշվելու օրինագծին
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որը ենթադրում էր ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն։ Այդ նախագծով առաջարկվում էր, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ պահելու 1 օրը հաշվել 1,5 օրվա դիմաց:
Նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը ևս բացասական գնահատականի արժանացավ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան, և պետք է դրանց մակարդակը իջեցվի:
«Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն պետք է չարվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, մենք պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- ասաց վարչապետը: