69529 դիտում
10:24 02-03-2019
Գարնան առաջինը օրը Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ՃՈ ծառայողները, Գորիսի, Սիսիանի փրկարարներն ու ճանշինականները, վտանգելով իրենց կյանքը, ձնաբքից դուրս բերեցին 2000-ից ավելի ավտոմեքենա. որոշ վարորդներ էլ իրենց դրել էին կասկադյորի տեղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ պայմաններում են աշխատել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի, Սիսիան հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Նրանց հետ են եղել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ և Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածներում ուժեղ ձնաբքի հետևանքով արգելափակված 2000-ից ավելի ավտոմեքենաները։
Արգելափակված ավտոմեքենաների շարասյունը մի քանի կիլոմետր էր։ Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, ինչպես նաև Սիսիանի ու Գորիսի ճանշինականները մեծ դժվարությամբ՝ կենաց-մահու պայքար էին տանում, որպեսզի մարդիկ րոպե առաջ կարողանան դուրս գալ այդ հատվածից։
Ճանշինականները ձյունը հեռացնում էին հատուկ տեխնիկայով, սակայն վայրկյաններ անց բուքն իր սև գործն էր նորից անում։
Տեսնելով, որ բուքը չի դադարում, ՃՈ 6-րդ գումարտակի վաշտի հրամանատար Գ. Մարգարյանը իրավիճակի մասին անընդհատ զեկուցում էր ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանին։
Քննարկումների արդյունքում որոշվեց ժամանակավորապես Սյունիքի զանգերից դեպի Գորիս երթևեկությունը դադարեցնել, որպեսզի փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու ճանշինականները կարողանան առանց խոչընդոտի բացել ճանապարհը, որպեսզի ավտոմեքենաները կարողանան դուրս գալ արգելափակումից։
Մեծ թվով քաղաքացիներ տեղոմ փրկարարների ու ճանապարհային ոստիկանների կողմից ստանում էին բուժօգնություն։ 40-ից ավելի քաղաքացիներ էլ տեղափոխվել են ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ գիշերն անցկացրել են զորամասում, մինչև փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու ճանշինականները ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ դեպքերում մեղքի բաժինն ունեին նաև վարորդները։ Նրանք, վստահ լինելով, որ ավտոմեքենայով կարող են անցնել ձնաբքի միջով, չէին ենթարկվում ճանապարհային ոստիկանների, փրկարարների ու ճանշինականների հորդորներին, ու, ինչպես ժողովուրդն է ասում, «իրենց էշը քշելով»՝ գնում էին առաջ ու կարճ ժամանակ անց հեռախոսակապով դիմում էին փրկարարների, ոստիկանների, ճանշինականների օգնությանը։
Եղել են նաև ավտոմեքենաներ, որոնց անվադողերը եղել են ամառային։
Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու ճանշինականները մինչև գիշերը ժամը 23։30-ն ընկած ժամանակահատվածում տիտանական աշծատանքների արդյունքում, որոշ դեպքերում էլ նաև վտանգելով իրենց կյանքը, (քանի որ ուժեղ բքի ու քամու հետևանքով մարդիկ կորցնում էին հավասարակշռությունն ու վայր ընկնում) բացեցին ճանապարհը։
Շնորհիվ նշված կառույցների օպերատիվ ու համագործակցված աշխատանքի՝ զոհեր և վիրավորներ չունեցանք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արթուր Սաղաթելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+