211652_close_icon
views-count11253 դիտում article-date 19:50 06-01-2015

Ճանապարհային ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու Աշոցքի Ճանշինականները, տիտանական աշխատանքներ կատարելով, ձնաբքից դուրս են բերել 70 ավտոմեքենա և 160 քաղաքացիների

Այսօր՝ հունվարի 6-ի վաղ առավոտվանից, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Ամասիա-Ղուկասյան ճանապարհահատվածում ճանշինականները՝ Ճանշինի պետ Մարսել Կարապետյանի գլխավորությամբ, օպերատիվ և տիտանական աշխատանքներ են կատարում, ինչի արդյունքում իրենց կողմից սպասարկվող տարածքում ճանապարհները դարձել են անցանելի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանշինականներն անգամ հատուկ տեխնիկայով նույն ճանապարհահատվածը մի քանի անգամ են անցնում, քանի որ քամին ու բուքը րոպեների ընթացքում «գրավում են» ճանապարհը և նույն ճանշինականների, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների լարված աշխատանքի արդյունքում նշված ճանապարհահատվածում վթարներ տեղի չեն ունեցել: ՃՈ աշխատակիցներն ու ճանշինականները 70 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 160 քաղաքացի, իրենց ուժերով դուրս են բերել ճանապարհից, և որոշ վարորդներ, այդ թվում՝ նրանց ավտոմեքենաներում գտնվող ուղևոր կանայք ու երեխաներ, անվտանգ շարունակում են իրենց ճանապարհը: Ճանշինը նաև կատարում է ճանապարհի մշակման, ավազի ու աղի լցման աշխատանքներ: Իսկ քիչ առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ հունվարի 6-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Քուչակ-Ապարան, Լանջիկ-Սառնաղբյուր, Ախթամար-Ծովագյուղ-Շորժա ճանապարհահատվածները գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են: Անբավարար տեսանելիության, բքի պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր