211652_close_icon
views-count983 դիտում article-date 11:21 25-02-2019

Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով եւ հովանավորությամբ: Փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վեգասի հայկական համայնքի նշանակալի կենտրոններ՝ եկեղեցիներ, շաբաթօրյա դպրոց եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Համայնքի հոգեւոր եւ մշակութային կենտրոն Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Վահան Կոստանյանը հյուրերին ներկայացրել է եկեղեցու կառուցման պատմությունը, խոսել համայնքի առջեւ ծառացած մարտահրավերներից եւ խնդիրներից: Այնուհետեւ Մխիթար Հայրապետյանն այցելել է եկեղեցուն կից մշակութային կենտրոնում գործող Հայ օգնության միության հայկական շաբաթօրյա դպրոց, որտեղ այսօր ուսանում է մոտ 60 հայ աշակերտ: Շրջայցի ընթացքում հանձնաժողովի նախագահին ներկայացվել են դպրոցի գործունեությունը, աշակերտների նվաճումները, ինչպես նաեւ Սփյուռքի կրթական հաստատություններում առկա խնդիրները: Մխիթար Հայրապետյանը ծաղիկներ է խոնարհել «Սանսեթ» այգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այցի ընթացքում պատգամավորին ուղեկցել են «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, եկեղեցու եւ հուշահամալիրի ճարտարապետ Լեւոն Գյուլբենկյանը, համայնքի ներկայացուցիչներ: Նախօրեին Մխիթար Հայրապետյանը հայկական մյուս՝ Սուրբ Կիրակոս եկեղեցում հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նմանատիպ նյութեր