Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բետոնե արգելապատնեշի վրայով ճանապարհն անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  փետրվարի 19-ին,   մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ,  36-ամյա  Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի  հատվածով անցնող հետիոտնին: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել  վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է: 
Դեպքի վայր են ժաանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: 
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը  տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել  է քննչական խումբը՝  բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ  խումբը՝ քրեակաան հետախուզության  բաժանմունքի օպերլիազոր Արամ Հակոբջանյանի գլխավորությամբ:
 Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 
Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի  (ճանապարհատրանսպորտային պատահար,  որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ) հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


