Հայաստանը ցանկանում է գնել 12 միավոր Су-30СМ կործանիչ. Ria Novosti
Հայաստանը ծրագրում է մինչև 2019 թվականի վերջը կամ 2020 թվականի սկիզբ ձեռք բերել ռուսական 4 միավոր Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է նախարարը։
Պատասխանելով հարցին, թե ընդհանուր առմամբ քանի կործանիչ կցանկանար Հայաստանը գնել, Դ. Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը 1 էսկադրիլիայի (12 կործանիչ) մասին է: