211652_close_icon
views-count6818 դիտում article-date 15:59 16-02-2019

«Ո՞վ է երրորդը» գիրքը գրեթե սպառվել է մեկ օրում. հետաձգվել են Գյումրիի և Երևանի շնորհանդեսները

Տեղի է ունեցել արձակագիր, լրագրող Սարգիս Գոքորյանի «Ո՞վ է երրորդը» գրքի շնորհանդեսը: «Չորս Կյանք», «Առանց նախապայմանների», «Տանը մնացած» գրքերից հետո՝ սա հեղինակի չորրորդ ստեղծագործությունն է: Սարգիս Գոքորյանը «Տանը մնացած» գրքի համար արժանացել է «Համահայկական գրողների միության» «Կյանքի գրականություն» ոսկե մրցանակին։ Շնորհանդեսի օրը գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ նույն միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: Սարգիս Գոքորյանը արժանացավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորագրերին: Գրքի շնորհանդեսը Վանաձորում նվիրված էր Սուրբ Սարգսի տոնին և Թումանյանի 150 ֊ամյակին: Այդ առիթով հեղինակը նախորդ՝ «Տանը մնացած» գրքից 150 օրինակ նվիրելու որոշում է կայացրել։ Բոլոր հյուրերը հեռացան նվեր գրքով, իսկ նոր «Ո՞վ է երրորդը» գրքի տպաքանակը գրեթե սպառվել է, որի պատճառով հետաձգվել են Երևանի և Գյումրիի շնորհանդեսները: Գրքի շնորհանդեսի օրը ելույթ ունեցան նաև դրամատուրգ, երգիծաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը և բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: Իսկ երաժշտական մասն ապահովեց Վանաձոր համայնքի կամերային երգչախումբը: Արձակ ժանրում այս ստեղծագործությունը արտացոլում է բացառապես իրական պատմություն, դեպքերը տեղի են ունենում Թբիլիսիում և Օդեսայում: Հեղինակն այս գրքով խոսում է ամուսինների դավաճանությունների և դրանց հետևանքների մասին: ՆԱԽԱԲԱՆ- «Չէ՛, պետք է փոխել աշխարհը, թեկուզ միայն այն պատճառով, որ այն անարդար է կնոջ նկատմամբ»: Սա մեջբերում է արձակ ժանրի այս ստեղծագործությունից, որը պետք է կարդալ թեկուզ միայն այն պատճառով, որ կյանքն առհասարակ անարդար է: Այս գրքով ուզում եմ մարդկանց հարցնել՝ ինչպե՞ս ենք վարվում մենք, երբ ինչ-որ բան մեզ է պատկանում, և ինչպե՞ս, երբ ինչ-որ բան երազում ենք ունենալ: Ահա ամենը. մենք մեր ունեցածից խլում ենք խորհրդավորությունը և դա փնտրում մի անհնար վայրում, որպեսզի դժվար ապրենք, որովհետև մեր բանականությունը մեզնից արկածներ է ուզում, խաբկանք, որովհետև մեր ներսից ապրելու, ստեղծելու, արարելու պահանջն ամեն Աստծո օր հրաբուխի պես դուրս է ժայթքում ու ստիպում խենթ լինել, ստիպում հավատալ գոյություն չունեցող երջանկությանը: Ա՜խ, այս ինքնախաբեությունը, որն այնքա՜ն գեղեցիկ է, երբ խոսքը վերաբերում է սիրո հարցերին: Սա ամբողջովին իրական պատմություն է, հերոսները մենք ենք, իսկ ո՞վ է երրորդը»: Վերահրատարակումից հետո «Ո՞վ է երրորդը» գրքի շնորհանդեսներ տեղի կունենան նաև Երևան և Գյումրի քաղաքներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր