Վարչապետը չի պատրաստվում փոխզիջումների գնալ ներկրողների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ:
Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի դիտարկմանը, թե ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից:
«Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրողներին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ազնիվ լինել բիզնես անելու պարագայում։