3399 դիտում
23:28 05-02-2019
Սիրիայի հայերը պատերազմի արդյունքում կրկին դարձան փախստականներ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս
[b]Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Panorama.am» լրատվական կայքին.[/b]
[b]Հարց[/b]. Պարոն Սարգսյան, 2011թ-ից բռնկված պատերազմը Սիրիայում ավերեց այդ երկրի երբեմնի հայտնի քաղաքները, այդ թվում նաև Հալեպը։ Ինչպես է շարունակվում կյանքն այսօր Հալեպում, արդյո՞ք սկսվել են վերականգնողական աշխատանքներ։
[b]Արմեն Սարգսյան[/b]. Պատերազմի պատճառած վնասներն ուղղակի ահագնացող չափերի են հասնում Սիրիայում: Անդառնալի են հատկապես մարդկային կորուստները, որոնք հաշվվում են հարյուր հազարներով: Այստեղ պետք է խորը հարգանքի խոսքեր հնչեցնել սիրիայի ժողովրդի հասցեին, որը մեծ զոհողությունների գնով դուրս է գալիս երկարատև և դաժան պատերազմի թոհուբոհից` չլքելով իր հայրենիքն ու անսասան մնալով այն պաշտպանելու իր հանձնառության մեջ: Այսօր Սիրիան թևակոխում է հետպատերազմական վերականգնման և ազգային կոնսոլիդացիայի նոր ժամանակաշրջան:
Հալեպ քաղաքը պատերազմի արդյունքում ամենամեծ մարդկային և նյութական կորուստները կրած քաղաքներից է: Այսօր կյանքը Հալեպում մտել է բնականոն հունի մեջ. բացվում են վաճառատներն ու հասարակական սննդի օբյեկտները, զգալի աշխուժություն է նկատվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Կառավարությունը, իր սուղ միջոցներից, դրամական աջակցություն է ցուցաբերում կրթօջախների, ռազմավարական նշանակության շինությունների կառուցման և վերականգնման համար: Բարձրանում է նաև անվտանգության մակարդակը, ինչն ապահովվում է հետևողական աշխատանքի շնորհիվ:
Հարց. Հալեպը հայտնի էր հայկական մեծ համայնքով, որը ձևավորվել էր 1915թ.-ից հետո։ Հայերն այս պատերազմի արդյուքնում կրկին դարձան փախստականներ, մի մասը վերադարձավ Հայաստան։ Ինչպիսի՞ն է այսօր Հալեպում ու Սիրիայի մյուս քաղաքներում հայ համայնքը, որքան հայ է մնացել Հալեպում։ Ունե՞ք արդյոք որոշակի տվյալներ։
[b]Արմեն Սարգսյան[/b]. Այո, պատերազմն իր դրոշմն է թողել նաև հալեպահայության վրա: Երբեմնի ծաղկուն, ազգային ընդգծված կոլորիտով մայր գաղութից այսօր մնացել է ընդամենը 14-15 հազար հալեպահայ, որոնք իրենց ազգանվեր գործունեությամբ և անասելի ջանքերի գնով փորձում են պահպանել համայնքի դիմագիծն ու համայնքային կառույցների կենսունակությունը: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ վերականգնվում և նոր ընթացքի մեջ է մտնում համայնքի ազգային կյանքը. հաճախ են իրականացվում մշակութային միջոցառումներ, նոր և բարձր մակարդակի վրա է հյուպատոսություն-համայնք փոխգործակցությունն ու համատեղ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու պատրաստակամությունը: Եռամսյակը մեկ անգամ տեղի են ունենում այցելություններ հիմնականում Լաթաքիա և Քեսաբ, ուր կազմակերպվում են հյուպատոսական ընդունելություններ` շրջանի հայությանը հյուպատոսական տարաբնույթ հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
[b]Հարց.[/b] Հրադադարի համեմատաբար հանգիստ պայմաններում կա՞ն դեպքեր, երբ հայերը վերադառնում են Սիրիա։
[b]Արմեն Սարգսյան[/b]. Կան անշուշտ: Կան նրանք, ովքեր վերադառնում են հիմնականում իրենց գույքը վաճառելու և Հայաստանում վերջնական հաստատվելու նպատակով: Կան նաև դեպքեր, որ վերադառնում են մշտական բնակության, սակայն այս նպատակով վերադարձողների թիվը դեռևս փոքր է: Այստեղ պետք է նշել, որ հալեպահայության մի մասի հայացքը, ընդհանուր առմամբ, ուղղված է Մայր Հայրենիքին, և Հալեպում բնակվող բազմաթիվ հայեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում: Սակայն քիչ չեն Հալեպում իրենց կյանքը վերահաստատել ցանկացողները: Մենք հանձնառու ենք, մեր հնարավորությունների սահմաններում, Հալեպ վերադարձող մեր հայրենակիցների մարդասիրական կարիքների ապահովմանը:
[b]Հարց[/b]. Սիրիայի պատերազմի այս ողջ ժամանակահատվածում Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները միակներից էին, որ շարունակեցին գործել։ Ի՞նչ է նշանակում դիվանագետ լինել ու աշխատել պատերազմի պայմաններում։
[b]Արմեն Սարգսյան[/b]. Պատերազմի ողջ ընթացքում, Հայաստանի բարձր ղեկավարության որոշմամբ, Դամասկոսում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատել և աշխատում են արտակարգ ռեժիմով` կիսելով պատերազմի բոլոր զրկանքներն ու դժվարությունները: Մինչև այսօր Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն է, ինչը շատ բարձր է գնահատվում Սիրիայի ժողովրդի կողմից: Հալեպահայության համար նույնպես բարոյահոգեբանական մեծ նշանակություն ունի գլխավոր հյուպատոսության գործունեությունը, թեկուզև այն պատճառով, որ այն կապող օղակն է Մայր Հայրենիքի հետ և նրա վավերական ներկայությունը Հալեպում:
Այստեղ կցանկանայի երկու բառով ներկայացնել հյուպատոսության գործունեությունը մարդասիրական օգնությունների ստանձնման և Հալեպ առաքման աշխատանքներում: Այս տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը շուրջ 6 անգամ մարդասիրական օգնություն է առաքել Սիրիա, վերջինը` 2018 թվականի հուլիսին: Լաթաքիա ժամանելուն պես օգնությունների ստանձնման, գրանցման, թղթաբանական ձևակերպումների, Հալեպ առաքման տրանսպորտային միջոցների ապահովման ողջ պատասխանատվությունը մշտապես ստանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը: Ներկայիս բարդ ռազմաքաղաքական պայմաններում նմանատիպ պատասխանատվություն ստանձնելն իսկապես ռիսկային է: Ահա այսպիսի պայմաններում են աշխատում հայ դիվանագետները բոլոր պատերազմական գոտիներում: Անշուշտ բարդ է և ընդգրկուն աշխատանքային օրակարգը և մասնագիտական բարձր պատրաստվածությունից բացի անհրաժեշտ է լինել նաև աչալուրջ և զգոն` գիտակցելով իրավիճակի լրջությունն ու անխոհեմ քայլերի հետևանքները:
[b]Հարց[/b]. Ներկայումս ի՞նչ ծրագրեր ունի գլխավոր հյուպատոսությունը, ի՞նչ ուղղությամբ են տարվում առաջնային աշխատանքները։
[b]Արմեն Սարգսյան[/b]. Հյուպատոսության գործունեությունն այս առումով խիստ փոփոխական է և մեծապես կախված է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից: Ընդհանուր առմամբ` ինչպես նախորդ տարիներին, 2019 թվականին նույնպես հյուպատոսությունը շարունակելու է բազմապրոֆիլ աշխատանքների իրականացման իր պրակտիկան:
Նմանատիպ նյութեր
1011 դիտում
19:49 10-02-2015
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը այցելել է Լաթաքիա և Քեսաբ
1300 դիտում
19:31 18-02-2015
Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի աշխատանքային այցը Վոլոգդայի նահանգ
1196 դիտում
21:26 19-05-2015
ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատարի հետ
Այս բաժնից
631 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
517 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am