Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 4-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ըստ սահմանված օրակարգի՝ խորհրդակցության ընթացքում Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
Հունվար ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 118 084 620 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 73 460 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 67 828 կատարողական վարույթներ:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, ներկայացվել է, որ հունվար ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9660 դիմում և գրություն: Նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրվել է 24 բողոք, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 66 բողոք: Հունվարին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից կատարվել է 4 քաղաքացու ընդունելություն: Արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել են 4556 քաղաքացիներ:
Կառույցի ղեկավարին է ներկայացվել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հունվարին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը:
Զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ: