211652_close_icon
views-count1154 դիտում article-date 15:58 29-01-2019

Նախարարությունների թիվը նվազեցնելու նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: «Ակնհայտ է, որ ներկայիս կառուցվածքը ֆունկցիոնալ առումով այնքան էլ արդյունավետ չէ: Ներդրումների համար կարևոր են պարզ կանոնակարգերը: Այս հարցերը սերտ փոխկապակցված են: Որքան շատ են նախարարությունները, այնքան ավելի շատ կանոնակարգերի կարիք կա, և բիզնեսի համար շատ խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա վերահաստատել է, որ Հայաստանում նախարարությունների թիվը կրճատվելու է: «Մենք հույս ունենք, որ դրանով կնվազի այն կանոնակարգերի քանակը, որոնք իրականում պետք չեն, օգտակար չեն, կմնան այն կանոնակարգերը, որոնց կարիքը պետությունն ունի, որոնք իսկապես օգտակար են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է նախկին 17-ի փոխարեն ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, բնապահպանության նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, պաշտպանության նախարարություն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն, ֆինանսների նախարարություն: Այլևս չի լինելու Սփյուռքի նախարարություն:

Նմանատիպ նյութեր