3071 դիտում
17:20 28-01-2019
Մենք միասնական ենք Հայաստանի և Արցախի պաշտպանության հարցում. Անվտանգության խորհրդի քարտուղարն այցելել է զորամաս և շնորհավորել Բանակի օրվա կապակցությամբ
2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես եկավ ելույթով։
Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ
Բոլորիդ շնորհավորում եմ Զինված ուժերի ձևավորման օրվա առթիվ: Չնայած նրան, որ մենք այս տարի նշում ենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 27- ամյակը, իրականում Հայկական բանակը նույնքան հին է, որքան հայ ժողովուրդը: Պատմության ընթացքում հայ ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյության գլխավոր երաշխավորը մշտապես եղել է հայկական բանակը: Մեզ պարտադրված պատերազմներում բանակը վճռական դեր է խաղացել պետականության պաշտպանության և պահպանման գործում: Եվ փորձը ցույց է տվել, որ երբ հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ բանակ ունենալու կամքն ու ռեսուրսները, բախվել է նախ՝ պետականության կորստի, ապա և՝ բնաջնջումների հետ:
Ընդհանրապես, պատերազմները նույնքան հին են, որքան մարդկությունը: Եվ նույնիսկ մարդու ստեղծած ամենահրեշավոր երևույթի` պատերազմի մասին մտածելիս մարդկությունը ստեղծել է արդար պատերազմի գաղափարը: Այդ գաղափարը բազմաբովանդակ է, սակայն հիմնասյուներից մեկն այն է, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմը արդար է:
Արցախի համար մղված պայքարը ևս տեղավորվում է ինքնապաշտպանական և արդար պատերազմի գաղափարի համատեքստում: Արցախի պատերազմը մեզ պարտադրել են: Մենք պատերազմ չենք հայտարարել ոչ ոքի, մենք հայտարարել ենք ազատ ապրելու ցանկության մասին, բայց այդ գաղափարի հետ հաշտ չլինելով՝ մեզ պատերազմ են հայտարարել, և մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեզ և մեր ազատությունը:
Ժամանակակից հայկական բանակը ձևավորվել է հենց Արցախի պատերազմում: Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց ջանքն ու եռանդն են դրել այդ պատերազմում։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր Արցախի պաշտպանության համար զոհել են իրենց կյանքը:
Սիրելի՛ սպաներ ու զինվորներ:
ՀՀ Սահմանադրությունը Ձեզ լիազորել է ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Սա ամենապատվաբեր, միևնույն ժամանակ ամենադժվար ու պատասխանատու գործն է: Դուք ոչ միայն անառիկ եք պահում մեր երկրի տարածքը, այլև պաշտպանում եք մեր ազատությունները, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և ինքնիշխանությունը:
Համոզված եմ, որ բոլորիս համար ոչ միայն Արցախի պատերազմի հաղթանակն է ուսուցողական, թե ինչպես այդ պատասխանատվությունը ճիշտ ձևով կատարել, այլ նաև վաղ անցյալի մեր պատմությունը:
Ինձ համար օրինակելի է Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը: Ես այն բախտավորներից եմ, ով հնարավորություն է ունեցել նրան մոտիկից ճանաչել: Մի անգամ հայրս կարճ ժամանակով վերադառնալով տուն, պատմեց, որ Մոնթեի հրահանգով ադրբեջանցի է տարել հիվանդանոց: Այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք թուրք տանում հիվանդանոց` վիրահատելու, երբ պատերազմի մեջ ենք նրանց հետ: Բայց հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ բոլոր պայմաններում մարդ մնալու նրա յուրօրինակ տաղանդը:
Մեզ համար նաև ուսուցանելի է Պապ թագավորի փորձը, որը, հենվելով վերակազմավորվող բանակի վրա, կարողացել է հաղթանակ տանել Ձիրավի ճակատամարտում և վերականգնել թագավորության անկախությունը: Պապ թագավորը, երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելով, բարձրացրել է բանակի կարողությունները՝ դրանով իսկ ապահովելով երկրի անվտանգությունը: Նրա գործունեությունը օրինակելի է մեզ համար:
Մեզանից 100 տարի առաջ գրեթե նույն իրողությունը կրկնվել է Սարդարապատում։ Բանակը դարձյալ վճռորոշ նշանակություն է ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության կերտման գործում։ Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ապավինում ենք մեր ուժին, մեր բանակին, մեր խոհեմությանը, մեր հավաքական իմաստնությանը, մենք հաղթանակ ենք տանում: Հակառակը միշտ մեզ ողբերգություն է բերել:
Հայազգի գեներալները, սպաները ու զինվորները իրենց ուրույն դերն են ունեցել նաև համաշխարհային պատմության մեջ: Մենք մեծ ներդրում ենք ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Միսաք Մանուշյանը, Մարշալ Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը, օրինակելի են նաև այսօր:
Այս ամենը գալիս է ապացուցելու, որ հայերը ոչ միայն կարողանում են հերոսաբար կռվել ու պաշտպանել սեփական հողը, այլև այն, որ մենք մշտապես եղել ենք պրոֆեսիոնալ զինվորականների, ռազմական գործի մասնագետների ու տաղանդավոր զորահրամանատարների ազգ։ Ժամանակն է վերականգնելու մեր փառավոր ռազմական ավանդույթները՝ հանուն մեր երկրի անվտանգության և բարեկեցության։
Ներկայում մենք մեր ուրույն դերակատարությունն ենք ունենում նաև միջազգային անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում: 2004թ․-ից ի վեր Հայաստանը շարունակաբար մասնակցում է միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային գործողություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում:
Սիրելի՛ զինվորներ և սպաներ,
Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42 հազ. քկմ տարածքի վրա:
Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը:
Բանակը բոլորիս ուշադրության կենտրոնում է: Մեր քաղաքական թիմն ամեն ինչ անում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու, պետության ռեսուրսները ավելացնելու, ինչպես նաև սպաների և զինվորների սոցիալական վիճակը բարելավելու, զինված ուժերի սպառազինությունն ավելացնելու և բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:
Մենք միասնական ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության հարցում: Յուրաքանչյուր ոք իրեն վստահված աշխատանքը պատասխանատու կատարելով՝ ապահովում է այլոց անվտանգությունը: Այս զորամասի յուրաքանչյուր զինվոր և սպա, արհեստավարժ տիրապետելով իրեն վստահված մարտական տեխնիկային, ապահովում է Հադրութում և Մարտակերտում ապրող քաղաքացիների և զինվորների անվտանգությունը: Հադրութի և Մարտակերտի դիրքերը պաշտպանող զինվորը ապահովում է Մեղրիի ու Աշոցքի քաղաքացիների և զինվորների անվտանգությունը:
Փա՛ռք հայոց փառապանծ բանակին, փա՛ռք մեր խիզախ զինվորներին, սպաներին ու գեներալներին:
Նմանատիպ նյութեր
9372 դիտում
16:03 30-12-2016
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ
Այս բաժնից
640 դիտում
23:53 14-11-2024
ՀՀ դեսպանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը
1660 դիտում
23:01 14-11-2024
Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է