211652_close_icon
views-count2102 դիտում article-date 09:38 24-01-2019

Գործընթացներ՝ անհասկանալի լռության մեջ. ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը: Ինքնին գրառման հանգամանքը պետք է որ որոշակիորեն թոթափեր արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում նկատվող խորհրդավորությունը, սակայն այդ խորհրդավորությունը գնալով ավելի է խորանում: Նախ՝ ինքնին գրառումը, բացի փաստի արձանագրումից, ուրիշ ասելիք չունի: Երկրորդ՝ ստացվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցնում է առանց Մինսկի խմբի համանախագահության ներկայության, ինչպես որ հայտնի վերելակային հանդիպումն էր: Այսինքն՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կա որոշակի շեղում ընդունված ձևաչափից: Ու նույնիսկ երեկվա լայվը առանձնապես բան չավելացրեց, բացի հերթական «եկեք պայմանավորվենք, որ դավադրություն չկա ու չի կարող լինել» կամ «այդպես ստացվեց» հայտարարություններից… Ակներև է նաև այն հանգամանքը, որ Դավոսյան այցից հետո, որի վերջին շտրիխը Ալիևի հետ հանդիպումն է, Փաշինյանը՝ հավատարիմ իր նախորդների օրինակին, պաշտոնական այցով հերթական, արդեն դժվար է ասել՝ որերորդ անգամ մեկնում է Մոսկվա: Մոսկվա այցը կարելի է մեկնաբանել մի կողմից Դավոսյան այցի կոնտեքստում, երբ փաստացի արևմտյան աշխարհի տնտեսական առաջատարների հետ հայտարարվող ինտենսիվ շփումներից հետո Փաշինյանը չի մոռանում նաև մեկնել Մոսկվա, մյուս կողմից էլ դժվար է չնկատել նաև Ալիևի հետ հանդիպման ու Մոսկվա այցի հետ կապը: Ամեն դեպքում, բացի այս դեմ առ դեմ ֆորմատից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը պաշտոնապես շարունակում է մնալ միակը: Սակայն այս իմաստով էլ խորհրդավորությունը պակաս չէ: Թրամփի շնորհավորական ուղերձը՝ մի կողմից, Լավրովի հայտարարությունը՝ մեկ այլ կողմից, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին կոչերը՝ մեկ այլ կողմից ոչ թե նվազեցնում, այլ խորացնում են եղած անհասկանալիությունը: Այդ անհասկանալիությունը խորանում է նաև մեր իշխանությունների լռության պայմաններում, հատկապես, երբ վերհիշում ենք, թե ինչպես էր արցախյան հարցի կարգավորման ցանկացած լուծում Փաշինյանը վերահասցեավորում հրապարակին ու ժողովրդին: Իհարկե, կարիք չկա նման բարդ հարցերը բերել ու դարձնել ամբոխահաճության առարկա, և այս իմաստով ողջունելի է բանակցային պրոցեսի պրոֆեսիոնալ մակարդակին անցումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր