Ռուսաստանում ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ միջազգային և հատկապես ռուսական լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկարատև բացակայության» հարցը: Բանն այն է, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 5-ից հետո ՌԴ նախագահը լրագրողների մասնակցությամբ որևէ միջոցառման կամ պաշտոնական արարողության չի մասնակցել: Մարտի 11-ին Կրեմլում նախատեսված է եղել Վլադիմիր Պուտինի և Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի հանդիպումը, սակայն ՌԴ նախագահի աշխատակազմը վերջին պահին այն չեղյալ է հայտարարել:Անսպասելի չեղյալ է հայտարարվել նաև ՌԴ նախագահի այցը Աստանա, որը նախատեսված էր այսօր` Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ:
Հենց այս ֆոնին Հայաստանի և ՌԴ նախագահականները երեկ տարածեցին հաղորդագրություն` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին: Այս հաղորդագրությունում կոնկրետ ոչինչ չէր ասվում, ուստի ռուսական լրատվամիջոցները դրա կայանալու հանգամանքը ևս կասկածի տակ առան, և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ստիպված եղավ, ի վերջո, հայտարարել, որ ՌԴ նախագահը խոստացել է ապրիլի 24-ին ժամանել Հայաստան:
Սակայն ուշագրավն այն է, որ «Էխո Մոսկվա» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում Պեսկովը չէր կարողացել հստակ պատասխանել, թե Պուտինն առաջիկայում երբ կմասնակցի լրագրողների ներկայությամբ որևէ միջոցառման: Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, իսկ թե ինչ բնույթի են դրանք, պարզ կդառնա առաջիկայում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: