Փաշինյանը մտադիր է Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ալիևի հետ
[url=https://www.tert.am/am/news/2019/01/22/china/2901654]Tert.am[/url]-ը գրում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մտադիր է այսօր Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», - ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այսօր Ալիևի հետ կայանալիք երկկողմ հանդիպման մասին հարցին:
Ավելի վաղ մամլո ասուլիսում պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա նրա զրույցն Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն ասել էր «շատ շուտով»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն, իր հերթին, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտնել է, որ լիարժեք բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև դեռևս չեն կայացել, սակայն արդեն տեղի են ունեցել մի շարք «օգտակար զրույցներ»:
Նրա խոսքով՝ դրանք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում են տեղի ունեցել և օգտակար են եղել ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցությունների ակտիվացման և կողմերի դիրքորոշումները պարզելու համար: Ադրբեջանցի ղեկավարը նշել է, որ երբեք չի խուսափել հայկական կողմի հետ բանակցություններից: