211652_close_icon
views-count6044 դիտում article-date 20:53 17-01-2019

Երևանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները. հանրությանը կներկայացվի առցանց հերթագրումների կայքը

Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը»,-նշել է Տիգրան Վիրաբյանը: Խնդրին համակարգային լուծում տալու համար նախ գույքագրվեցին համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների: «Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարևոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից: Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում և հանել իրավական հիմքերը: Նրանք. որոնք չունեն իրավական հիմքեր, շատ ավելի հեշտ է, որ ազատեն տարածքները, իսկ որոնք ունեն իրավական հիմքեր, մենք փորձում ենք գտնել իրավական ճանապարհ իրենց այդ տարածքներից հանելու համար»,- նշել է փոխքաղաքապետը: Արդեն փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Մինչև տարվա վերջ, առնվազն, 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ: Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ արվելու է հնարավորը, որ ծրագրի երկրորդ փուլը ևս մեկնարկի ճիշտ ժամանակին: «Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ երկրորդ փուլը ևս կարողանանք հավուր պատշաճի իրականացնել: 2019թ. ընթացքում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ 2020թ. չբավարարվենք այդ 1000 երեխաներով և խնդիրը հետզհետե մոտեցնենք վերջնական լուծման»,- ասել է Տիգրան Վիրաբյանը: Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով էլ շուտով Երևանի քաղաքապետարանը կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին: «Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որը ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ողջ ընթացքն ու տեսնել, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: Սա նույնպես մեր որդեգրած քաղաքականության մի մասն է. ցանկացած աշխատանք, որը կատարում է Երևանի քաղաքապետարանը, պիտի լինի հասու հանրությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը: Այցի ժամանակ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է նաև մանկապարտեզներին սնունդ մատակարարող մրցույթները շահած նոր կազմակերպությունների գործունեությամբ, լսել պատասխանատուների կարծիքը: «Անցած տարի մի շարք մանկապարտեզներ բողոքում էին հացի որակից, սակայն այսօր արդեն ասում են, որ բարձրակարգ հաց է մատակարարվում: Մրցութային բոլոր այն պայմանները, որոնք դրված են եղել, պահպանվում են, մատակարարվող սննդի տեխնիկական բնութագրերը՝ ևս»: Մանկապարտեզներում սուր շնչառական վարակների տարեշրջանով պայմանավորված՝ ընդհանուր իրավիճակը ևս վերահսկվում է. երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր: Մեկ անգամ ևս անդրադառնալով մանկապարտեզները վճարովի դարձնելու խոսակցություններին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ընդգծում է. Երևանի քաղաքային իշխանության օրակարգում նման հարց չկա:

Նմանատիպ նյութեր