211652_close_icon
views-count3128 դիտում article-date 10:48 17-01-2019

Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, որին հաջորդել է համատեղ հանդիպումը: Այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նշվում է, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում: «Մասնակիցները երկու նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող եւ արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը: Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ հետ և համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել: Հանդիպման ընթացքում համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը: Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի Ադրբեջանի առաջնորդների միջև հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ ազդակ հաղորդելու համար: Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը: Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ»,-ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր