8886 դիտում
18:20 10-01-2019
Արայիկ Հարությունյանն այս պահին չի տեսնում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն
Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ առավոտյան անակնկալ այց է կատարել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու համար, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով:
Նախարարը տեղեկացրել է, որ ավագ դպրոց այցի ընթացքում նկատել է կարգապահության հետ կապված խնդիր: «Ես դպրոց եմ այցելել ժամը 9-ին: Աշակերտներն այդ ժամին դեռ նոր-նոր էին հաստատություն մտնում, մինչդեռ դպրոցում դասերը սկսվում էին 8.30-ին»,-ասել է նա:
Հարությունյանը նշել է, որ մանկապարտեզը, որտեղ այցելել էր, վերանորոգման կարիք ուներ, և հենց դրանով պայմանավորված միջանցքներում ջերմաստիճանը ցածր էր:
«Նախակրթարանում ականատես եմ եղել, թե ինչպես էին հիվանդ երեխաներին ուղարկում տուն: Բացակաների հետ կապված տնօրենը հավաստիացրել է, որ բացակա երեխաների միայն 10-15 տոկոսն է հիվանդ»,-ընդգծել է նա, ուրախությամբ փաստելով, որ ծնողներն ավելի պատասխանատու են դարձել և հիվանդ երեխաներին չեն ուղարկում հաստատություններ:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ մի շարք դպրոցներում ընդհանուր վիճակը բարվոք չէ և հենց այդ խնդրով պայմանավորված էլ անհրաժեշտ ջերմային ֆոն չի ապահովվում: «Մենք այս տարի ավելի մեծ ուշադրություն կդարձնենք այդ խնդրին»,-հավաստիացրել է նախարարի պաշտոնակատարը:
Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին և վերահսկելի է: Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:
Նմանատիպ նյութեր
996 դիտում
18:02 17-04-2014
Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազման միտում կա. ԱՆ
1249 դիտում
21:47 17-04-2014
Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազման միտում կա. ԱՆ