211652_close_icon
views-count1204 դիտում article-date 21:47 17-04-2014

Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազման միտում կա. ԱՆ

Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է: Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտանբերումը: Նվազել է նաև ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների աշխուժացում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում: Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։ Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռևս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապբուժօգնության կանչերը: Ելնելով վերը նշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է. խուսափե´ք հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, հագնվե´ք եղանակին համապատասխան, պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Նմանատիպ նյութեր