211652_close_icon
views-count1988 դիտում article-date 17:25 10-01-2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը

Այսօր՝ հունվարի 10-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։ Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։ Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։ [b]Էդմոն Մարուքյանը [/b]ծնվել է 1981թ. Վանաձոր քաղաքում: 2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2006թ. ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում: 2007թ. ավարտել է ՀՀ կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան` պաշտպանելով "Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային մեխանիզմները" թեմայով ատենախոսություն։ 2010թ. ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2001թ.-ից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակակական կազմակերությունների հիմնադիր անդամ: Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի: 2002-2004թթ. "Մեդիա Գրուպ" լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար: 2005-2006թթ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ: 2005-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: 2007-2008թթ. դասախոս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում։ 2008թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: 2010թ. գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ կարեւոր գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: 2010-2012թթ. "Human Rights Watch" միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, ազգային փորձագետ: 2012թ. Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։ Պառլամենտ Մոնիթորինգի հետազոտության արդյունքներով ճանաչվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը։ 2015թ. հիմնադրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցությունը, որի կառավարման խորհրդի նախագահն է։ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը և ընտրվել Հայաստանի Հանրապետության 6֊րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: [b]Լուսավոր Հայաստան կուսակցություն[/b]

Նմանատիպ նյութեր